Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԻՄ «ՕՐԱՆԺԸ» ՔՈ «ԲԻԼԱՅՆԻՆ», «ՎԻՎԱՍԵԼԻՆ» ՎԸ՛-ՆԱ՛Ս... ՉԻ՞

ԻՄ «ՕՐԱՆԺԸ» ՔՈ «ԲԻԼԱՅՆԻՆ», «ՎԻՎԱՍԵԼԻՆ» ՎԸ՛-ՆԱ՛Ս... ՉԻ՞
10.11.2009 | 00:00

Ընդհանրապես, հեռահաղորդակցության ոլորտում հայաստանյան ճակատագիրը շատ հետաքրքիր դասավորվեց հենց սկզբից, եթե հիշենք, թե ժամանակին ինչ «անցուդարձ» տեղի ունեցավ հունական OTE-ի շուրջ:
Խնդրո առնչությամբ «գլոբալ» և ընդհանրական դիտարկումները թողնելով լուսավոր ժամանակների, շարունակենք այսբերգի այսօրվա «պատկերագրումը», արձանագրելով` բջջային կապի ոլորտում մրցակցությունն առավել քան թեժանում է` պայքարը քաղաքական-տնտեսական «գետնին» վրա դարձնելով բավականին էկզոտիկ ու «հուզիչ», ինչն էլ ակնհայտ դարձավ նոր օպերատորի մուտքից արդեն «հինգ րոպե անց»։ Հենց հաջորդ օրը «ՎիվաՍելը»` «յիրիկյանական փափկությամբ» ելավ Նորավանքի բարձունքները, օլիմպիական հանդարտությամբ ավետելու` կյանքը շարունակվում է, և իրենք հերթական «ճանապարհային քարտեզն» են տեղադրում: Իմա` ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել Հայաստանում, և ինչպես նախկինում, այսօր էլ իրենք իրենց բան ու գործին են:
Դա այդպես է, սակայն ոչ ամբողջապես (տե՛ս ներքևում):
Նույնքան «նրբագեղ» էր նաև վաճառքի (այսօր անպայման կանդրադառնանք այդ հարցին) «պատրաստվող» «Բիլայն-ԱրմենՏելի» պահվածքը: Նրա վարքականոնից ակնհայտ էր` զուտ «ռուսական» վեկտոր համարվող «Բիլայնը» շատ ավելի լրջորեն էր պատրաստվել «Օրանժի» մուտքին, քան արևմուտքի և հյուսիսի «արանքում» գտնվող «ՎիվաՍելը»: Այո՛, «Բիլայնն» արձագանքեց առավել բուռն ու գրագետ` «առաջ-հետ» քաղտեխնոլոգիայով, և ասաց` «նարնջագույն հեղափոխություն, պարոնայք, Հայաստանում տեղի չունեցա՜վ»:
Չէ՛, մենք հո Կոելյոյի «նշանների» լեզվով այս ամենից չե՞նք եզրակացնում, թե Ռուսաստանը մեկընդմիշտ հավաստեց վեկտորալ փոփոխության անհնարինությունը: Եվ կամ` բացապարզեց, թե ինչ հեռանկարներ է գծագրում ընդհանուր, այդ թվում և` հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ: Հը՜: Մենք պարզապես պատմում ենք, որ «Բիլայնն» ըստ «արժանվույն» պատրաստվելով «Օրանժի» մուտքին, այդ մուտքից ժամեր անց միանգամից 10 գրասենյակ բացեց Հայաստանում` ազդանշանելու, որ «օրանժվի» (իմա` կանաչ) լույս չի վառվելու France Telecom-ի առաջ, այլ հավասարը հավասարին կռիվ է տալու, որքան էլ «Օրանժը» փորձի ցածր սակագներով և անվճար քարտերով գայթակղել հայոց «հեռարձակվածներին»:
Մինչ կանցնենք վառվող լույսերին ու հայոց «հեռահաղորդակցվածներին», իմա` «ով ում ուտելու խնդրին», Հայաստանում գործող օպերատորների և նրանց «նկարահանած կինոների» մասին փոքրիկ վիճակագրություն:
Սկսենք հյուրից, ու քանի որ նրան առանձնապես շատ ծանոթ չենք, փոքր-ինչ հանգամանալից կանգ առնենք նրա «տեսլականի» վրա։ «Օրանժ Արմենիա». այն, ինչպես գիտենք, France Telecom-ի «դուստր» ձեռնարկությունն է. France Telecom-ը Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտում երրորդն է, վերջինիս շուկայական գինը 59 միլիարդ եվրո է, եղել է պետական ընկերություն, 07.09.2004 թ. ֆրանսիական կառավարությունը որոշել է իր ունեցած փաթեթի 9,6-ից մինչև 12,1 տոկոսը վաճառել, «ստացվել» է բավականին ծանրակշիռ գումար` 5,7 միլիարդ եվրո: Ընկերությունում աշխատում է 107 հազար մարդ: Ահա էստեղ է, որ ընկերությունն ինչ-որ առումով իր ոչ ուրախ օրերն ապրեց. սկսված գլոբալ տնտեսական ճգնաժամը «պարտադրել» էր ընկերությանը` 20 հազար աշխատող կրճատել, ինչի արդյունքում կրճատվողներից մոտ երկու տասնյակը չդիմացան գործազրկության հեռանկարին (նուրբ են, չէ՞, ֆրանսիացիք, ու նաև` իմպուլսիվ) և ինքնասպանություն գործեցին: Վիճակը փրկել-մեղմացնելու համար ընկերություն, բառիս բուն իմաստով, դեսանտ «իջեցվեց»` Նիկոլա Սարկոզիի քաղաքական զինակից Ստեֆան Ռիշարը` փոխնախագահի կարգավիճակով իր վերահսկողության տակ վերցրեց ընկերությունը:
Ի դեպ, «Օրանժի»` երրորդ օպերատորի Հայաստան գալն ահագին հին պատմություն ունի. դեռ երեք (գուցե ավելի) տարի առաջ էր խոսվում այս մասին: Բանակցությունները «խնդրո առնչությամբ», կարծես, վարում էր ոչ անհայտ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը` Քեմբրիջի համալսարանի «Եվրասիա» կենտրոնի տնօրեն, «BP» և «Alcatel» հանրահայտ ընկերությունների խորհրդական, միևնույն ժամանակ «Night Bridge» հոլդինգի տնօրեն (որի դռնով են անցում Հարվարդ գնացող ուսանողները), նրա իրավասության ներքո է նաև «Ամերիա» բանկը, որը վերջինս գնեց Վաչե Մանուկյանից, չմոռանանք, որ նա Վաչե Մանուկյանի հետ նույնպես փայլուն հարաբերություների մեջ է, բավականին ջերմ են հարաբերությունները նաև հայաստանյան այսօրվա իշխանական ընտրանու, այդ թվում և` վարչապետի հետ (ուժեղանո՞ւմ է վարչապետը հայաստանյայց. եսի՞մ):
Ի դեպ, Արմեն Սարգսյանը եղել է նաև «Ղ-տելեկոմի» հայրերից` ստեղծողներից մեկը։ «Ղ-տելեկոմի» սարքավորումներն «Alcatel»-ինն էին: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ մեկ գիշերվա մեջ (դե լավ է, էլի, մերոնց մոտ ստացվում «գիշերը», հո զոռով չի՞) որոշում կայացվեց, իբր «տենդեր» հայտարարվեց («Ղ-տելեկոմի» արաբ տիրոջը (խոստացան տալ Կոնդի «շինարարությունը») և «Ղ-տելեկոմը» «մրցույթով» վաճառվեց ռուսներին, որ է` «Սիստեմային», որ է` պարոնայք Լուժկովին ու Եվտուշենկովին (այս մասին` ներքևում):
Փաստորեն, Արմեն Սարգսյանը դուրս մնաց «տենդերից» (սա ևս բավականին նուրբ, վեկտորալ պատմություն է, ինչը «պատմելու» ժամանակը նույնպես չունենք, բայց ոնց տեսնում եք, Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար-վարչապետության ժամանակների ամերիկյան, պենտագոնյան, ֆրանսիական այցերի կազմակերպման մեջ ոչ քիչ լումա ունեցած Արմեն Սարգսյանը չի մոռացվել, և որպես «միջնորդ», կարծես թե, առկա է Եվրոպայի հետ կապված բոլոր «գործերում»): Ինչևէ:
Ի դեպ, France Telecom-ի և «Alcatel»-ի կապը պահպանում է Արմեն Սարգսյանի «մերձավոր», ֆրանսահայ հայտնի գործարար պարոն Չուրուկը. դա նա է, որ վերջերս ակտիվ մասնակցում էր Սերժ Սարգսյանի` ֆրանսիական սփյուռքի հետ հանդիպմանը` հայ-թուրքական արձանագրությունների «գետնին» վրա:
Ավարտելով «Օրանժի» մասին «կինոն», հավելենք, որ France Telecom-ը ցանկանում է Մեծ Բրիտանիայում միանալ գերմանական «Deutsche- Telecom»-ին, որպեսզի միասին անգլիական շուկայի 37 տոկոսը վերցնեն իրենց «տակ»: Հետաքրքիր է, չէ՞:
Եվ եթե այս ամենին գումարում ենք այն գործիքները, իմա` մատչելի սակագները, որոնցով «Օրանժը» մուտք է գործում հայաստանյան շուկա, ապա կարելի է կարծել, որ հիմնովին «ուտող» տեսակ է, և կարող է «քյանքյուլը բարձր» սպասել տարվա իր «հինգերորդ եղանակին», և, ինչպես ինքն է ասել, Մոլդովայի նման դառնալ առաջատար:
Ամա՜: Էդ գործն էնքան էլ հեշտերից չէ:
Ասել ենք` որոշակի ծրագիր կա` «Բիլայնն» ու «ՎիվաՍելը» «կպցնել» միմյանց` հեռահար վեկտորալ-բիզնես նպատակներով:
Չնայած, մեր հարցմանն ի պատասխան, թե՛ «Բիլայնից», թե՛ «գնորդ» կողմից` ԲՀԿ-ից, ասացին` չի կարող լինել նման բան, որովհետև չի կարող լինել երբեք: Բայց դե, ոսկե կանոնն էլ պակաս բաներ չի ասում` մի՛ ասա` երբեք:
Գնո՞ւմ եք, հարցրինք ԲՀԿ-ին: «Այս պահին նման բան չկա, Գագիկ Ծառուկյանը չի գնում «ԱրմենՏելը»,- ասաց ԲՀԿ մամլո պատասխանատու Խաչիկ Գալստյանը: ԲՀԿ-ում նաև զարմացած էին գնից... Հիմա մենք ժամանակ չունենք երկար-բարակ փիքր անելու Գագիկ Ծառուկյանի ունեցած 17 մլն եվրոյի, արդեն իսկ գնած` բուլղարական 25 մլն եվրոյանոց «ջրերի» մասին, հետո էլ 600 մլն դոլարը («ԱրմենՏելի» «գինն» է) վերածել եվրոյի` ստանալու պատասխանը. Ծառուկյանի «գրպանո՞վ» է «ԱրմենՏելը», թե՞ ոչ:
Մի խոսքով. հարցին` «վաճառվո՞ւմ է ձեր «ԱրմենՏելը»` «աբսուրդ», պատասխանեցին «ԱրմենՏելից». «Մենք չենք մեկնաբանում աբսուրդները»,- շարունակեցին նրանք: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում» «Օրանժի» մուտքին, հալ ու հարցմունքը շարունակեցինք մենք: «Շա՜տ հանգիստ և դրական»,- «շատ հանգիստ ու դրական» պատասխանեց «ԱրմենՏելի» մամլո պատասխանատու Անուշ Բեղլոյանը:
Իսկ մենք անցնենք մեր գործին` հայոց բջջային օպերատորների «ուսումնատենչական վարժանքներին» և կինոյի հաջորդ սերիային:
Այսպիսով, «ԱրմենՏելն» ամենաերկար խաղացողն է հայոց բիզնես-դաշտում. խաղում է հայ-ռուսական պայմանավորվածությունների հստակ շրջանակում: «Վիմպելկոմ-Բիլայնի» «հայրերից» է Դմիտրի Զիմինը` ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի «թույն» գիտնականներից մեկը:
Ոնց հասկացաք, հարգարժան «Օրանժը» թերևս դժվարանա «խեղդել-ուտել» «ԱրմենՏելին» ոչ այն պատճառով, որ կրտսեր-Զիմինը նույնպես խաղի մեջ է (խաղի մեջ են նաև Ֆրիդմանն ու Ավենը), այլ որ Ռուսաստանը երբեք ու երբեք չի վաճառի «ԱրմենՏելը», չի հավաքի մեկ զամբյուղում բոլոր ձվերը. Ռուսաստանը կխաղա երկուսով էլ, երկուսի հետ էլ (հա, մի քիչ` Քոչարյանի, իսկ իրականում ու ավելի շատ` Սերժ Սարգսյանի հետ):
Հասա՜նք «ՎիվաՍելին»։ Ճիշտ է, հայ փորձված և լուրջ տնտեսագետները կանխավարկած էին հայտնում, թե «ՎիվաՍելին» ոչ մի վտանգ չի սպառնում, սակայն վերջին շրջանում` կապված Լուժկովի դիրքերի թուլացման, հրաժարականի պահանջի, Մոսկվայի «մերիայի» վերջին` սկանդալային ընտրությունների ֆոնին (Լուժկովի շուրջ կատարվողը ռուսաստանյան «ամենալուրջ ու ամենահեռահար» պատմություններից մեկն է. հասկանալի է, թուլացնելով նրան, փորձ է արվում թուլացնել ամենազոր Պուտինին, բայց սրան անդրադառնալու ժամանակ նույնպես չունենք) ինչ-ինչ «մտքեր» նույնպես հնչում են, մանավանդ որ Հայաստանում կարծես այլևս շատ չեն ցանկանում փողերի և էլիտարների «լվացքով» զբաղվածների սիրուն աչքերի մեջ նայել. նկատի ունենք կառավարության` «խնդրո առնչությամբ» օրինագիծը, որը հայտնվել է խորհրդարանում, բայց որը հետ կանչելուն կառավարությունը դեմ չէ...
Այո՜, Լուժկովը երերում է, և նրա հետ կապված շատերը փորձում են հետ քաշվել, բայց հո՞ կա «ամենակարող» Եվտուշենկովը. այնպես որ` «ՎիվաՍել» «ուտելը» (մեղա-մեղա` «Բնայ բրիտն» ինչի ընկավ մտներս), նույնքան դժվար ու «պատասխանատու» գործ է, ինչպես և «ԱրմենՏել» «ուտելը»:
Ի դեպ, կա ևս մեկ վարկած. ըստ որի` այն ամենը, ինչ կատարվում է հայկական հեռահաղորդակցության շուկայում, կապ ունի հայ-թուրքական սահմանի բացման, թուրքական շուկայի հետ նույնպես...
Սրան էլ գուցե առաջիկայում անդրադառնանք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ